
Սիրանուշ Գյուրջինյան
CMC որակավորված խորհրդատու, IMCA անդամ
Այո, հայտնի PR-ի ու հաղորդակցության կարևորությունն օրեցօր աճում է՝ տրանսֆորմացվելով ներկա իրողություններին ու շուկաների պահանջներին, ընդգրկելով նորանոր ուղղություններ։
Շատերն են լսել, շատերն էլ կիրառում են PR եզրույթը (տերմինը)՝ անգամ խորապես չընկալելով, թե ինչ է իրենից ներկայացնում այն իրականում։ PR-ը թարգմանվում է որպես հասարակայնության հետ կապեր։ Այն բավական ընդգրկուն հասկացություն է, անգամ ունի Հաղորդակցության կոմպոնենտ, բայց սխալ է հավասարեցնել Հաղորդակցության հետ։
Գործարար միջավայրի համար հաղորդակցությունը և դրան տիրապետելու հմտությունները կարևորագույն ակտիվներից են և հաճախ ղեկավար անձնակազմը դիմում է բիզնես խորհրդատուների հենց այս և նման խնդիրների շուրջ լուժումները գտնելու համար։
Ի վերջո, որքան էլ գեղեցիկ ապրանք/ծառայություն մենք ստեղծենք, առանց պատշաճ կերպով ներկայացնելու հանրությանը մենք երբևէ չենք կարողանա վաճառք/հասույթ ապահովել, քանի որ միմիայն ճիշտ հաղորդակցությունը կարող է ապահովել արդյունավետ դիրքավորում շուկայում և խթանել վաճառքները։
Ինչ է Հաղորդակցությունը ժամանակակից բիզնես աշխարհում և ինչպես են այն թերագնահատում հենց գործարարները։
Հաղորդակցությունն ամենուր է՝ հաճախորդի հետ կապի հաստատումից, սպասարկումից մինչև բրենդի վիզուալ հաղորդակցություն, մարքեթինգային և PR արշավներից մինչև տեխնիկական հաղորդակցության միջոցներ, հաշվապահական հաշվառման թվային հաղորդակցությունից բիզնեսի ներքին հաղորդակցության ահռելի հնարավորությունների կիրառում և զարգացում։
Հաղորդակցությունն ամենուր է, իսկ բիզնես միջավայրում այն կատարում է նույն դերակատարումն, ինչ արյունը՝ արյունատար համակարգի համար։
Ինչն է մարդուն տարբերում ռոբոտներից կամ արհեստական բանականության համակարգերից, այո՝ հաղորդակցությունը, էմոցիոնալ ինտելեկտը և դրա շնորհիվ էմպատիայի արտահայտման ունակությունը։ Որքան էլ մասնագետները պնդեն, որ աշխատում են այդ ունակությունների վերարտադրման ուղղությամբ, դեռ երկար տասնամյակներ անհնար է լինելու մեքենայացնել այս կատեգորիաները։
Իսկ ինչպես ենք մենք օգտագործում հաղորդակցությունը բիզնես միջավայրում։
Արդյունավետ Հաղորդակցությունը ընկերության ներքին միջավայրում բարձրացնում է ոչ միայն ներքին գործընաթացների արդյունավետությունն, այլ նաև մեծապես ազդում է հաճախորդների սպասարկման որակի, գործընթացների արագացման և ապրանքանիշի հստակ և միանշանակ հաղորդակցության իրականացման վրա։
Իսկ ինչ է ի վերջո Հաղորդակցությունը։
Հաղորդակցությունը (Communications) փոխգործակցությունն է արտաքին ու ներքին բիզնես միջավայրերում և միջավայրերի միջև տեղեկատվության փոխանակման և կիրառման նպատակով։
Ինչ է տալիս այն բիզնեսին
Տվյալ բիզնեսի համար հստակ ու ճկուն հաղորդակցության համակարգը լավագույն միջոցն է ներքին գործընթացների կառավարման ու կիրարկման համար։ Այն հնարավորություն է տալիս բիզնեսին աշխատելու որպես մեկ միասնական համակարգ կամ “օրգանիզմ”, ստեղծելու իր բարձր արդյունավետության ուղիները թե՛ ներքին, թե՛ արտաքին միջավայրի հետ։
Ինչպես է հնարավոր հասնել արդյունավետ հաղորդակցության մակարդակի ընկերությունում/կառույցում
Յուրաքանչյուր ընկերություն ունիկալ է իր կառուցվածքով ու ներքին գործընթացներով, և եթե ղեկավարները գիտակցում են արդյունավետ փոխգործակցության կարևորությունը թե՛ ներքին և թե՛ արտքին միջավայրի հետ, ապա հաղորդակցության մասնագետի պրոֆեսիոնալ մոտեցումներից է կախված արդյունավետ հաղորդակցային միջավայրի ստեղծումը՝ դա կլինի մեդիա հարթակներում, գործընկերային հարաբերություններում, թե՝ բանակցություններում։
Ով կարող է աջակցել բիզնեսին այս գործընթացներում
Պրոֆեսիոնալ ղեկավար անձնակազմը նման դեպքերում առնվազն սկզբնական փուլում ներգրավում է բիզնես խորհրդատուի, ով մասնագիտացած է նաև հաղորդակցության ձևավորման գործընթացներով։ Նման փորձառությունը ընկերությունում նվազեցնում է ոչ արդյունավետ գործընթացների ձևավորման ռիսկն ու հիմքեր ստեղծում հետագա զարգացման համար։ Բացի այդ, ծախսերի տեսանկյունից բավական խնայողական մոտեցում է, քանի որ այս դեպքում նրանք խնայում են թե՛ իրենց միջոցները, և թե՛ ժամակը, ինչը գործարար միջավայրում անգնահատելի ակտիվ է։
Ինքս հանդիսանալով նման խորհրդատու՝ հաճախ եմ բախվում խնդրի, երբ բիզնեսի ղեկավարները գիտակցում են, որ առկա է խնդիր, բայց չեն կարողանում հստակ ձևակերպել այն։
Իսկ ովքե՞ր են բիզնես խորհրդատուները
Բիզնես խորհրդատուները պրոֆեսիոնալներ են, ովքեր լուծում են բիզնեսի առջև ծառացած խնդիրները՝ անգամ երբ խորքային պատճառներն անհայտ են։ Խորհրդատուի պրոֆեսիոնալիզմից է կախված խնդիրների ճշգրիտ բացահայտումն ու դեպի լուծումը տանող հստակ, հասկանալի և իրագործելի ուղիների ձևավորումը։
Ի վերջո, բիզնես խորհրդատուն մասնագետ է, ով տեսնում է այսպես կոչված՝ մեծ պատկերը (big picture) և կարողանում է տարանջատել գործընթացներն ու բացահայտել խնդիրների խորքային պատճառները։
Հայաստանում աճում է բիզնես միջավայրում խորհրդատուների դերի գիտակցումն ու համոզված եմ՝ առաջիկայում գործարարներն առավել շատ կդիմեն նրանց օգնությանն ու կվստահեն պրոֆեսիոնալ մոտեցումներին։