
Տնտեսությունը մշտապես դիմակայում է պատմական տարբեր ժամանակահատվածների ճգնաժամերի բերած մարտահրավերներին։ Բիզնեսը, անկախ գործունեության ոլորտից ու տեղակայումից, ցնցվում է։ Այդ ցնցումները որոշների համար ճակատագրական են դառնում՝ տանելով դեպի զարգացում, կամ հակառակը կործանում։ Ինչպես ճիշտ գնահատենք իրավիճակները, պարզաբանում է մարքեթինգի և փոփոխությունների կառավարման գծով CMC որակավորված գործարար խորհրդատու, IMCA անդամ, տնտեսական գիտությունների թեկնածու Անահիտ Մանասյանը։
-Ինչպե՞ս են, ընդհանուր առմամբ, ճգնաժամերն անդրադառնում բիզնեսի վրա։
–Կախված բիզնեսի ոլորտից՝ ճգնաժամերը կամ ստիպում են բիզնեսին զարգանալ կամ իսպառ տապալվել: Խորհրդատվության ոլորտում բիզնեսները դարձան ավելի ճկուն և նորարար, ինտեգրվեցին ՏՏ ոլորտին և ընդլայնեցին գործիքակազմը:
-Որքանո՞վ է կարևոր, որ բիզնեսը ճգնաժամերի ընթացքում ոչ թե հետաճ գրանցի, այլ դիմի նորարարությունների ու փոփոխությունների։ Սա որքանո՞վ է իրատեսական։
–Անկախ ճգնաժամերից՝ բիզնեսները պետք է անընդհատ դիմեն նորարարություններին, այլապես նրանց ձախողումները անխուսափելի են: Այսօր ժամանակակից տեխնոլոգիաները բոլորիս ստիպում են մտածել բիզնեսների արդիականացման մասին: Ես ինքս այս պահին ուսումնասիրում եմ կիբորգային կառավարում և մարքեթինգ: Սա մեր մոտալուտ ապագան է: Եթե այսօր չպատկերացնենք կիբորգների ֆունկցիոնալությունը, ապա վաղվա մարտահրավերներին չենք կարողանա արձագանքել:
-Ի՞նչը կարող է բիզնեսի համար նորարարական մոտեցում համարվել և ինչպե՞ս դիմել դրան։
–Թվայնացումը և ավտոմատացումը: Օր առաջ պետք է բիզնեսները իրենց ողջ գործընթացները թվայնացնեն և ավտոմատացնեն՝ սխալները գրեթե զրոյացնելու նպատակով: Վերջինս կորուստներից խուսափելու լավագույն հրամայականն է:
–Ո՞ր դեպքում է հնարավոր ճգնաժամերի հավանականությունը նախանշել ու կանխատեսել, ու ժամանակին մտածել փոփոխությունների մասին, և ո՞ր դեպքում է, որ այդ փոփոխություններն անկանխատեսելի են, և անհրաժեշտություն կա հապճեպ որոշումների։
-Տնտեսական և քաղաքական ճգնաժամերը ավելի կանխատեսելի են, ուստի, վերջիններից բխող հետևանքների զսպմանը նախապես պատրաստվելը հնարավոր է: Սակայն մարդկությունը այսօր թևակոխել է տեղեկատվական, թվային և վիրուսային պատերազմների ժամանակաշրջան, որոնք հնարավոր չէ կանխատեսել և դրանց ազդեցությունները կանխել: Այսօր բիզնեսները սկսել են մտածել մասսայական արտադրությունից անհատական պատվերներին անցում կատարելու մասին, որը թույլ կտա հնարավորինս զսպել ճգնաժամերի բացասական ազդեցությունները:
-Որո՞նք են բիզնես խորհրդատուի քայլերն ու հնարավորությունները, երբ անհրաժեշտ է դիմակայել ու որոշումներ կայացնել հանուն բիզնեսի պահպանման ու զարգացման։
-Նախ բիզնես խորհրդատուները այս վերջին ծանր աղետների օրերին շատ ճիշտ դիրքավորեցին իրենց գործունեությունը՝ հանրությանը ցույց տալով խորհրդատվության կարևորությունը և խորհրդատուի դերը բիզնեսում: Մենք կարողացանք շատ գործարարների բացատրել, որ գործարար խորհրդատուն նույն «ԲԺԻՇԿՆ» է բիզնեսի համար: Նրա աջակցությանը պետք է դիմել պարբերաբար՝ բոլոր խնդիրները լուծելու և նորարար լուծումներ գտնելու համար:
-Որո՞նք են մեր ժամանակներում նորարարական փոփոխությունների լավագույն օրինակները։
-Առցանց խանութների, թվային ալգորիթմներով առաքումների և արհեստական ինտելեկտով կառավարման ծրագրերի առկայությունը: Վերջիններս բիզնեսների համար դարձան փրկության միջոցներ:
-Ո՞րն է խորհրդատուի դերն այս դեպքում և ի՞նչ մասնագիտական որակավորում պիտի ունենա նա։
-Խորհրդատուները կատարում են խորքային ուսումնասիրություն բիզնեսի ներսում, վերհանում են խնդիրները և դրանից բխող կարիքները, մշակում լուծումներ և դրանք կիրառում անձնակազմի հետ միասին: Այնուհետև օգնում բիզնեսին ընդլայնել իր հնարավորությունները: Շատ կարևոր նշանակություն ունի միջազգային որակավորումը, որը որակի հիմնական երաշխիքն է: Այսօր հայաստանյան խորհրդատվական շուկան ընձեռում է բիզնեսներին միջազգային որակավորմամբ խորհրդատուների հետ համագործակցության հնարավորություն: Ուստի, ճգնաժամերի ծանր հետևանքները այսուհետ հաղթահարելի են ցանկացած բիզնեսի համար: