
Բիզնեսը վարվում է պրոֆեսիոնալ, երբ դրա հիմնումից ի վեր ուղեկցվում է միջազգային չափորոշիչներին համապատասխան ակրեդիտացված խորհրդատուի կողմից։
Ովքե՞ր են պրոֆեսիոնալ ոլորտային խորհրդատուները, ինչպե՞ս դառնալ այդպիսին, ինչպե՞ս տեղ ունենալ խորհրդատվական շուկայում և բիզնես միջավայրում․ զրուցում ենք IMC Armenia Գործադիր տնօրեն, խորհրդի անդամ Սիլվա Մեսրոպյանի հետ։
-IMC-ն որպես կառույց: Ինչ հիմնական գործառույթ է այն իրականացնում:
-Կառավարման Խորհրդատվության Հայաստանի Ինստիտուտը, որը շուկայում ավելի հայտնի է IMC Armenia բրենդով, հիմնադրվել է 2011 թվականին: Կազմակերպության հիմնադրման հիմքում EBRD-ի կողմից կազմակերպված դասընթացի մասնակցությունն էր, որը վեց հայ խորհրդատուներին ոգևորեց Հայաստանում հիմնելու Կառավարման խորհրդատվության Հայաստանի ինստիտուտը և անդամակցելու ICMCI-ին, որը Կառավարման Խորհրդատվության ինստիտուտների միջազգային խորհուրդն է: Կազմակերպության հիմնական նպատակը` խորհրդատվության զարգացումն է շուկայում ու մասնագիտական բարձր ստանդարտներին համապատասխան ծառայությունների մատուցումը` խորհրդատուներին միջազգային ստանդարտներով որակավորման միջոցով: Այս նախաձեռնությունը շատ վարակիչ դարձավ տեղացի խորհրդատուների համար, և համատեղ ջանքերով հիմնադրվեց կազմակերպությունը, որը հանդես է գալիս որպես խորհրդատուների ասոցացիա: IMC Armenia-ի դերն է խթանել խորհրդատվությունը բիզնես միջավայրում, զարգացնել տեղացի խորհրդատուներին, պաշտպանել մասնագիտական էթիկական նորմերը ու խորհրդատվական պրակտիկան համապատասխանեցնել միջազգային ստանդարտներին: Ինստիտուտն ունի ինչպես ոլորտի զարգացման մանդատ, այնպես էլ ջատագովության ու շահերի պաշտպանության գործառույթ: IMC Armenia-ի թիրախը խորհրդատուներն են:
–Ինչպե՞ս եք գնահատում այս կառույցի գործունեությունը մեր երկրում ինչն է այն փոխել հայկական բիզնես միջավայրում:–
Այս տարի լրանում է IMC Armenia-ի գործունեության 10 տարին, որը կարևոր ցուցանիշ է կազմակերպության կայունության, աճի, կատարելագործման ու ակտիվ գործունեության: Կառույցի այս տասնամյակը կարելի է գնահատել որպես կայացման շրջան, որտեղ ավելի ընդգծվեց ու կարևորվեց խորհրդատվության դերը շուկայում, հղկվեցին ու կատարելագործվեցին տեղական խորհրդատուների կարողությունները և համապատասխանեցվեցին միջազգային ստանդարտներին, կառուցվեցին արդյունավետ ու օգտակար համագործակցության կամուրջներ` տեղական ու միջազգային կառույցների հետ և դեռ շարունակական կայացում է գրանցվում: Այս տարիների ընթացքում կառույցը պահպանել է իր դիմագիծը, թիրախում պահել խորհրդատվությունը և չի շեղվել որդեգրած մանդատից` պաշտպանելու ոլորտի շահերը, զարգացրել ոլորտը ու խթանել խորհրդատվության դերը տնտեսության զարգացման գործում:
IMC Armenia-ն գործում է որպես միակ ազգային խորհրդատվական ինտիտուտ ու ակրեդիտացված է միջազգային խորհրդի կողմից պաշտոնապես: 2017թ.-ին միջազգային աուդիտի արդյունքում կազմակերպությունը դարձավ Provisional անդամ: Այս անդամակցության միջոցով IMC Armenia-ն ներկայացնում է Հայաստանը 50 երկրների շարքում` ճանաչելի դարձնելով երկրի բիզնես միջավայրը և միջազգային փորձը ներդնում տեղական ինստիտուտում: 2014թ.-ին IMC Armenia-ն Կիևում մասնակցել է Գաբրիել Ալ Սալամի անվան “Խորհրդատվությունն առանց սահմանների” մրցանակաբաշխությանն ու ստացել “Ամենադինամիկ Ազգային ինստիտուտի” կոչումը:
-Ովքե՞ր են այս կառույցի անդամները:
-Ներկա պահին կառույցին անդամակցում են շուկայի առաջատար անհատ խորհրդատուները, որոնք իրեն փորձառությունը կիրառում են ինչպես ՀՀ-ում այնպես էլ մի շարք այլ երկրներում: Նրանցից շատերը ղեկավարում են շուկայում ամենահայտնի խորհրդատվական կազմակերպությունները, միջազգային կազմակերպությունների հաստատված խորհրդատուներ են և ներկայացնում են ոլորտի գրեթե բոլոր ճյուղերը` ֆինանսներ, մարդկային ռեսուրսներ, մարքեթինգ ու հանրային կապեր, կառավարման համակարգեր, ներքին գործառնություւններ և այլն: Մեր անդամների ցանկում կան նաև նեղ մասնագիտացված անհատ խորհրդատուներ` HoReCa ոլորտ, ավտոմեքենաների հետիրացումային խորհրդատվություն, ապահովագրություն, ՏՏ և այլ ոլորտներ: Մեր խորհրդատուների մասնագիտացման տարբերակումները հնարավորություն են տալիս ծածկելու բիզնեսի զարգացման ծառայությունների բոլոր բնագավառները և ապահովելու բիզնեսի խնդիրների լուծման լայն գործիքակազմ: Տարիների ընթացքում անդամների ցանկը որոշ առումով փոփոխվել է, բայց շարունակաբար ավելացող նոր անդամների ներկայությունը նպաստում է ավելի ընդլայնել ոլորտներն ու ծառայությունների կառուցվածքը:
-Ի՞նչ կարող են նրանք տալ Հայաստանի տնտեսությանն ու բիզնես միջավայրին:
-Խորհրդատվությունը համարվում է աշխարհում թոփ մասնագիտություններից մեկը` իր կարևորության, շոշափելի արդյունքների ու տնտեսության զարգացման վրա լուրջ ազդեցության պատճառով: Բիզնեսն իր գոյության բոլոր փուլերում խորհրդատուի կարիք ունի` նրա մասնագիտացման, արտաքին փորձագիտության, խորհրդատվության, խնդիրների լուծման, կամ խորհրդատվական ուղեկցման միջոցով: Անկախ նրանից, թե որքան է բիզնեսը կարևորում խորհրդատվության դերը, միևնույն է, այն պարտադիր անհրաժեշտություն է դառնում ինչ որ մի փուլում: Հայաստանի տնտեսությանն ու բիզնես միջավայրին խորհրդատուների կողմից տրվող օգուտները բազմաշերտ են` ոլորտային հետազոտություններ և վերլուծություններ, բիզնես մոդելավորում և զարգացման/ներդրումային ծրագրեր, ֆինասնական կանխատեսումներ և վերլուծություններ, կառավարման համակարգեր ու որակի ստանդարտներ, վերապատրաստումներ և քոուչինգ, ներքին խորհրդատվություն ու իրականացում: Այս խորհրդատվական միջամտությունները ունեն ուղիղ ու շեշտակի ազդեցություն տնտեսական միջավայրի առողջացման ու առաջընթացների համար:
-Ի՞նչ ճանապարհ են անցնում մարդիկ` դառնալու այս հաստատության անդամներ:
-IMC Armenia-ն պրոֆեսիոնալ խորհրդատուների համայնք է ու ունի անդամակցության երեք մակարդակ` Լիիրավ, Ասոցացված և Համակիր անդամներ: Լիիրավ անդամներ կարող են դառնալ բացառապես պրոֆեսիոնալ ու փորձառու խորհրդատուները, որոնք ունեն երկար տարիներ փորձառություն ու բարձր ճանաչելիություն: Պետք է նշել, որ CMC որակավորման համար պետք է խորհրդատուն ունենա բացառապես Լիիրավ անդամակցություն, բացի այդ նրանք ունեն Ընդհանուր Ժողովում ձայնի իրավունք: Ասոցացված անդամակցությունը ավելի քիչ փորձառություն ունեցող ու սկսնակ խորհրդատուների համար է, երբ մասնագետները ցանկանում են միանալ պրոֆեսիոնալ համայնքին ու ձեռք բերել փորձառություն: Համակիր անդամակցությունը ավելի հետևորդների համար է, երբ մասնագետները ցանկանում են ուղղակի հետևել ոլորտին ու պրոֆեսիոնալ խորհրդատուների հետ փորձի փոխանակման միջոցով զարգացնել կարողություններ: Ներկա պահին ասոցացիայի մեր անդամները առավելապես Լիիրավ անդամներ են ու քիչ քանակությամբ Ասոցացված անդամներ, որը նախանշում է կառույցի փորձառության ու պորֆեսիոնալիզմի բարձր մակարդակի մասին: Առաջիկա տարիներին պլանավորվում է ընդլայնել անդամակցության կազմը ու ներառել խորհրդատվական ընկերություններին, ուսանողներին ու այլ ներկայացուցիչների, որոնք կապահովեն նոր փորձառություն և ոլորտներ: Ուսանողների ներգրավումը նպատակ ունի ոլորտի երիտասարդացման նպատակ, ինչին հետևում են միջազգային ինստիտուտները ևս:
-Ի՞նչ է նշանակում որակավորված խորհրդատու:
-IMC Armenia-ն անդամակցում է ICMCI-ին ու ներկայացնում է CMC սերտիֆիկացիան` որակավորված կառավարման խորհրդատուի որակավորումը: Այն հանդիսանում է խորհրդատուի ամենաճանաչված որակավորումը ամբողջ աշխարհում և ճանաչելի է 50-ից ավել երկրներում: Այս խորհրդատվության առանձնահատկությունը կայանում է նրանում, որ այն հաստատում է խորհրդատուի փորձառության համապատասխանելիությունը միջազգային ստանդարտներին` էթիկական նորմերին, մեթոդաբանությանը և կարողությունների շրջանակներին: Որակավորված կառավարման խորհրդատուն պետք է ունենա բավարար քանակով շարունակական խորհրդատվական փորձ ու բարձր էթիկական նորմեր, որպեսզի նրա փորձառությունը գնահատվի միջազգային ստանդարտներին համապատասխան: Պետք է հպարտությամբ նշենք, որ հայ խորհրդատուները առաջինն են ստացել միջազգային որակավորումը Անդրկովկասում ու մեր շուկան համարվում է տարածաշրջանում ուժեղագույնը: Ներկա պահին մեր խորհրդատուներից շատերը հանդիսանում են CMC միջազգային ինստիտուտի գնահատողներ, մենթորներ և որակավորման հանձնաժողովի անդամներ և ապահովում են որակավորում աշխարհի 50-ից ավել երկրներում գտնվող խորհրդատուների համար:
-Ի՞նչ տարբերություն որոշակի ոլորտում բարձրագույն կրթություն ունեցող, նեղ մասնագիտացում ունեցող մարդու և որակավորված խորհրդատուի միջև:
-ՀՀ կրթական համակարգում կառավարման խորհրդատվությունը որպես մասնագիտություն ներառված չէ և խորհրդատուն իր մասնագիտական կարողությունները զարգացնում է փորձառության ու ոչ ֆորմալ կրթության միջոցով: Այս ճանապարհով անցնելով միշտ չի, որ խորհրդատուն համոզված է, որ ծառայությունները մատուցում է ճիշտ ստանդարտներին համապատասխան: Ցանկացած մասնագիտության համար կան մշակված միջազգային ստանդարտներ, որոնց հետևումը հաստատում է մասնագետի բարձր որակական հատկանիշներն ու մասնագիտացումը: Հայաստանում CMC որակավորումն իրականացվել է 2018թ.-ից սկսած ու ներկա պահին արդեն ունենք բավականաչափ որակավորված ու վերաորակավորված խորհրդատուներ: Երբ պրոֆեսիոնալ խորհրդատուն ցանկանում է զարգացնել իր կարողությունները ու ներկայանալ միջազգային շուկա, ավելի է ձգտնում հաստատել իր մասնագիտացման համապատասխանեցումը միջազգային ստանդարտներին ու անցնել որակավորում: Որակավորման գործընթացները օգնում են խորհրդատուին աշխատելու ավելի համակարգված ու կանոնակարգված, հասկանալու խորհրդատուների դերերն ու գործողությունները դասավորել ճիշտ “դարակներում”: Բացի այդ ճանաչելի որակավորումը հեշտացնում է խորհրդատուի մարքեթինգ ու առաջմղումը: Շատ կարևոր է բիզնես միջավայրի կողմից ճիշտ գնահատվի որակավորված խորհրդատուի հետ համագործակցությունը, քանի որ այն կտա ավելի երաշխավորված որակ ու պրոֆեսիոնալ վարքագծի երաշխիք:
-Ի՞նչ էվոլուցիա ունեցավ IMC-ն երկրում, որոնք են նշանակալի ձեռբերումները:
-IMC Armenia-ն հիմնադրման ժամանակ ուներ մեկ կարևոր նպատակ` դառնալու ICMCI անդամ ու CMC որակավորումը դարձնել հասանելի տեղական խորհրդատուներին: Արդեն վաղուց այս նպատակն իրականացել է և տարիների ընթացքում առաջ են եկել նոր կարիքներ ու խնդիրներ: Կառույցն իր առաքելությունն է համարում զարգացնել մասնագիտությունն ու նրա ընկալումը բիզնես միջավայրում, որ այն չընկալվի որպես անհասանելի ու թանկ ծառայություն, այլ գիտակցված աջակցություն բիզնեսին: 2019-ին IMC Armenia-ն ստացավ հնարավորություն հյուրընկալելու Խորհրդատվության համաշխարհային կոնֆերանսը և Հայաստանում իրականացնելու Constantinus Internation Award-ը, որը հանդիսանում է ոլորտի ամենահեղինակավոր միջազգային մրցանակը: Այս պահին մեր խորհրդատուները ունեն հնարավորություն մասնակցելու մրցանակաբաշխությանը ու ներկայացնեն իրենց խորհրդատվական հաջողված փորձն ու ձեռք բերեն միջազգային ճանաչում: Constantinus միջազգային մրցանակը համարվում է խորհրդատվական ոլորտի “Օսկարը” և մեծ պատիվ է լինելու այս մրցանակի դեսպանը ՀՀ-ում:
-Ի՞նչ պլաններ կան առջևում:
-Մենք հպարտությամբ նշում ենք IMC Armenia-ի 10 ամյակը, որը մեզ ստիպում է կառուցելու ավելի ամբիցիոզ ու ծանրակշիռ նպատակներ: Այս պահին IMC Armenia-ն ICMCI Լիիրավ անդամակցության գործընթացում է գտնվում, որը հնարավորություն կտա ինքնուրույն իրականացնելու որակավորում ու կիրառելու միջազգային անդամակցության մանդատն ամբողջությամբ:
10-ամյակի միջոցառումների շարքում ներառված են մասնագիտական հարցազրույցների շարք, որոնք կօգնեն բիզնես միջավայրին իրենց համար բացահայտելու խորհրդատվական միջամտության բոլոր եզրերն ու օգուտները: Բացի այդ մենք պլանավորում ենք տեղական խորհրդատուներին առաջ մղել միջազգային շուկա, ներկայացնելով նրանց տարբեր միջազգային մրցանակաբաշխության, մրցույցների ու հնարավորությունների:
Նոր տասնամյակի շրջանում IMC Armenia-ն նոր ռազմավարության շնորհիվ կընդլայնի իր ծառայություններն ու համագործակցության շրջանակները: Առաջիկա տարիներին պլանավորվում է ընդլայնել շրջանակները ինչպես խորհրդատվական շուկայի սահմաններում, այնպես էլ գործընկերական կապերի մեծացման առումով: IMC Armenian պլանավորում է կատարել խորհրդատուների փորձի փոխանակման այց դեպի Ավստրիա և համատեղ նոր գործնական կապերի հաստատում, որոնք նոր հնարավորություններ կբերեն: Բացի այդ ՀՀ-ում կիրականացվի խորհրդատվական ստանդարտի ներդրում ISO 20700, որը խորհրդատվկան կազմակերպություններին կբերի նոր որակական ստանդարտներ ու ճանաչելիություն: Բացի այդ մենք պլանավորում ենք Հայաստանում հյուրընկալել Խորհրդատվական համաշխարհային կոնֆերանսն ու մրցանակաբաշխությունը, որը չեղարկվեց COVID-19-ի պատճառով:
-Ինչպե՞ս դառնալ IMC անդամ և CMC որակավորում ստանալ:
-Ցանկացած միջազգային որակավորում կառուցված է ազգային հավատարմագրված կազմակերպության անդամակցության վրա: IMC Armenia-ն Հայաստանում միակ ազգային հավատարմագրված ինստիտուտն է և ներկայացնում է CMC որակավորումը:
Պրոֆեսիոնալ խորհրդատուները կարող են դիմել անդամակցության համար` ներկայացնելով փորձառության հաստատող փաստաթղթեր, որոնք Կառավարման խորհրդի կողմից գնահատվում ու հաստատվում են: Այս գործընթացը շատ պարզ է, սակայն նաև պատասխանատու, քանի որ համայնքի անդամ դառնալը նաև ոլորտի զարգացման պատասխանատվություն է ենթադրում: CMC որակավորումը ունի միջազգային ստանդարտով հաստատված ընթացակարգ: Խորհրդատուներն անցնում են վերապատրաստման անհատական կամ խմբային կուրսեր, այնուհետ մենթորի հետ մշակում ու ներկայացնում են երեք բիզնես քեյսեր, որոնց նկարագրությունը պետք է համապատասխանի խորհրդատվական ստանդարտներին: Այնուհետ խորհրդատուի էթիկական նորմերի համապատասխանեցման թեստի միջոցով հաստատվում է նրա բարձր պրոֆեսիոնալ վարքագծային կանոնները: Վերջում հանձնաժողովի գնահատողները հարցազրույցի միոջոցով գնահատում են խորհրդատուի փորձառությունը` բիզնես, տեխնիկական, խորհրդատվական ու պրոֆեսիոնալ կարողությունների շրջանակներում:
Հպարտությամբ նշում ենք, որ տարածաշրջանում միայն հայ խորհրդատուներն են ակրեդիտացվել որպես միջազգայնորեն հաստատված վերապատրաստողներ, մենթորներ ու գնահատողներ, որոնք արդեն իրենց փորձառությունն իրականացրել են` Վրաստանում, Մոնղոլիայում, Եգիպտոսում, Լիբանանում, Իսպանիայում և այլուր: Առաջիկա կազմակերպվող խորհրդատուների CMC որակավորման խմբային կուրսից հետո մենք կնշենք նոր որակավորված խորհրդատուների մուտքը դեպի բիզնես միջավայր: