
Ինչպե՞ս անել, որ ընկերությունն իր զարգացմանը հասնի հանգամանալից մշակված ռազմավարության օգնությամբ։ Ինչու՞ է ռազմավարությունը բիզնեսի զարգացման կարևոր բաղադրիչը։
Զրուցում ենք կառավարման խորհրդատու Մարիա Հովումյանի հետ։
-Ռազմավարական մտածողություն և բիզնես․ հնարավո՞ր է ունենալ բիզնես, և չունենալ ռազմավարություն։
Ցանկացած բիզնեսի հիմնադիր ձգտում է հասնել հաջողության, զարգացնել և ընդլայնել իր ընկերությունը։ Իսկ ռազմավարությունը բիզնեսի հենց այդ երկարաժամկետ նպատակների սահմանումն է և դրանց հասնելու պլանը։ Ուստի, ցանկացած բիզնեսի հաջողությունը պայմանավորված է նրանով, թե արդյոք կարողանում է որդեգրել արդյունավետ ռազմավարություն։ Արդյո՞ք այն թույլ է տալիս հաջողությամբ մրցակցել շուկայում և ինչպես է նախատեսում ավելացնել բիզնեսի եկամտաբերությունը։
Այսպիսով, բիզնեսի մրցունակությունը և հաջողությունը պայմանավորված է ռազմավարության առկայությամբ։
-Կարելի է այն նույնացնել տեսլականի և պլանավորման հետ։
Տեսլականը նկարագրում է բիզնեսի հաջողության պատկերը, այն ցանկալի իրավիճակը, որին ձգտում է ընկերությունը և յուրաքանչյուր առանձին դեպքում անհատական է, բխում է բիզնեսի սեփականատիրոջ ձգտումներից։ Ռազմավարությունը այդ տեսլականին հասնելու ճանապարհային քարտեզն է, պլանը։ Այն սահմանում է տեսլականի իրագործման համար անհրաժեշտ ռազմավարական թիրախները և առաջնորդում է ընկերության ներսում որոշումների կայացման գործընթացը՝ այդ թիրախներին հասնելու ուղղությամբ։
Կարելի է առարկել, թե մեր փոփոխական աշխարհում ինչպես կարելի է պլանավորել, երբ հաճախ չգիտես, թե ինչ է տեղի ունենալու մեկ ամիս կամ անգամ, մեկ շաբաթ հետո։ Ահա այստեղ է ցայտուն երևում ռազմավարության և մարտավարության տարբերությունը․ միջավայրի փոփոխությունների պատճառով բիզնեսը ոչ թե պետք է հրաժարվի կամ փոփոխի իր ռազմավարական նպատակները, այլ դրանք թողնելով անփոփոխ՝ պետք է վերանայի դրանց հասնելու ճանապարհները և, դրսևորելով ճկունություն, դա անի պարբերաբար՝ ի պատասխան մշտապես փոփոխվող միջավայրին։ Այսինքն, ռազմավարական նպատակները չեն, որ փոփոխվում են, այլ միայն դրանց հասնելու ճանապարհները կամ մարտավարությունը։
-Ի՞նչ որակակային առավելություններ է ունենում ռազմավարություն ունեցող բիզնեսը։
Եթե ընկերությունը գիտակցում է ռազմավարության դերն ու կարևորությունը բիզնեսի հաջողության, այն է՝ շուկայի կողմից պահանջված և մրցունակ արժեք ստեղծելու գործում, դա ինքնին խոսում է, առաջին հերթին ռազմավարական մտածողության մասին, որպես հիմնարար առավելություն։ Միաժամանակ, ռազմավարության առկայությունը ենթադրում է բիզնեսի կառավարման մի շարք մոտեցումների, գործիքների կիրառում, որոնցից են․
- Բիզնես մոդելի և ընկերության կառուցվածքի վերանայում՝ ելնելով բիզնեսի ռազմավարությունից,
- Ռազմավարական կառավարիումը կամ արդյունքին միտված կառավարումը (MBO, OKR և այլ մեթոդների կիրառմամբ), ինչի շնորհիվ բիզնեսի բոլոր ռեսուրսներն ուղղվում են կոնկրետ թիրախների իրագործմանը և այդպիսով մաքսիմալ նպատակային են օգտագործվում,
- Ընկերության անձնակազմը, թիմը հստակ պատկերացում ունի, թե ինչպիսի ջանքեր և որ ուղղությամբ պետք է գործադրի իր ամենօրյա աշխատանքում, իսկ լավ արդյունքի դեպքում՝ ինչպիսի խրախուսում կարող է ակնկալել,
- Ընկերության տաղանդները զարգանում են առաջին հերթին այն ոլորտներում, որոնք կարևոր են բիզնեսի նպատակների իրագործման համար,
- Ռազմավարության իրագործման ճանապարհին առաջընթացի գնահատումը և վերլուծությունը՝ չափելի ցուցիչների օգնությամբ, ինչը թույլ է տալիս ժամանակին կայացնել տեղեկացված որոշումներ և, անհրաժեշտության դեպքում, փոխել մարտավարությունը,
- Ընկերությունը մշտապես վերլուծելով և վերանայելով իր ընթացքն աստիճանաբար դառնում է «սովորող» կազմակերպություն՝ մշտապես ավելացնելով իր ճկունության և դիմակայունության մակարդակը,
- Եվ այլն։
Վերոնշյալ ցանկից արդեն իսկ պարզ է, որ ռազմավարական մոտեցումն ինքնին ենթադրում է ընկերությունում համապատասխան կարողությունների զարգացում և դրանց անընդհատ կատարելագործում, որպես մեծ մրցակցային առավելություն և ավելի մեծ արժեք ստեղծելու գրավական։
–Բիզնեսի ռազմավարությունը ո՞ր ոլորտներն է ընդգրկում։ Սա ստեղծվում-կազմվում է բիզնեսի յուրաքանչյուր բաղկացուցիչ ստորաբաժանման, թե ամբողջական բիզնեսի համար։
-Բիզնեսի ռազմավարությունը կարելի է համեմատել մի աթոռի հետ, երբ յուրաքանչյուր ոտքը հավասար կարևոր դեր է խաղում դրա կայունության համար։ Դրանք են՝ հաճախորդների հետ հարաբերությունները, ֆինանսական ոլորտը, տաղանդներն ու դրանց զարգացումը և ընկերության ներքին պրոցեսները։
Եթե այս «ոտքերից» մեկը բացակայում է, «աթոռը» չի կարող կանգուն մնալ և ընկերությունը կարող է ձախողել։ Հետևաբար, բիզնեսի ռազմավարությունն անդրադառնում է բոլոր այդ ոլորտներին, որոնք փոխկապակցված են և ազդում են մեկը մյուսի վրա։
Բիզնեսի ռազմավարությունը մշակվում է երեք մակարդակներում՝ կորպորատիվ (առաքելության, տեսլականի և արժեքների մակարդակում), բիզնեսի (կոնկրետ ռազմավարական թիրախների մակարդակում) և ֆունկցիոնալ/օպերացիոն (ֆունկցիոնալ բաժինների մակարդակում)։
Արտառոց ոչինչ չկա, եթե ընկերությունում զուգահեռաբար մշակվեն տեղային ռազմավարություններ առանձին բաժինների կողմից։ Կարևորն այն է, որ դրանք բոլորը բխեն ընդհանուր ռազմավարությունից, փոխլրացնեն և ոչ մի դեպքում չհակասեն իրար։ Օրինակ, ցանկալի է, որպեսզի PR բաժինը մշակի հաղորդակցման ռազմավարություն՝ ընկերության ռազմավարության հիման վրա, մարկետինգի բաժինն ունենա առաջխաղացման իր ռազմավարությունը և այլն։
–Ովքե՞ր են «կրում» ընկերության ռազմավարության գաղափարախոսությունը և փիլիսոփայությունը՝ սա կազմակերպության հինադիրների, թե յուրաքանչյուր անդամի մտածելակերպն է։
-Բնական է, որ ընկերության հիմնադիրն է իր իսկ ընկերության գաղափարական հենքի կրողը և իր պատկերացումներից և ձգտումներից է մեծապես կախված բիզնեսի հաջողությունը։ Միաժամանակ, առանց գաղափարակիցների դժվար թե հնարավոր լինի մի կողմից իրագործել մեծ և համարձակ հավակնություններ, մյուս կողմից՝ լուծել ընթացիկ խնդիրներ, դիմակայել մարտահրավերներին, զարգացնել թիմերի կարղությունները։ Ահա այստեղ է, որ որոշիչ դեր է կատարում ընկերության հաջողության պատկերի, ապագայի հանդեպ հավակնությունների և ռազմավարության մշակման գործընթացում ղեկավարող անձնակազմի ներգրավումը։ Միայն այդպիսով է հնարավոր խթանել նրանց սեփականության զգացողությունը, իրական հետարքրքրվածությունը ընկերության հաջողության հարցում, անձնական նախաձեռնողականությունը և, արդյունքում՝ ենթակաների ճիշտ ուղղորդումը։
-Ի՞նչ ճանապարհ են անցնում մասնագետները, ովքեր զբաղվում են ընկերությունների ու բիզնեսների համար ռազմավարություն մշակելով։
-Ընդունված է համարել, որ ռազմավարական պլանավորումը կառավարման խորհրդատվության ոլորտում առավել բարդ ուղղություններից, եթե ոչ ամենաբարդը։ Խորհրդատուի դերն անչափ կարևոր և պատասխանատու է:
–Ի՞նչ դեր ունի այս գործում պրոֆեսիոնալ որակավորված խորհրդատուն։
Այնպես չէ, որ կազմակերպությունները չեն կարող իրականանցել ռազմավարական պլանավորման գործընթաց առանց արտաքին խորհրդատուի։ Սակայն, միանշանակ է, որ փորձառու խորհրդատուի ներգրավմամբ գրեթե երաշխավորվում է այդ բարդ գործընթացի արդյունավետությունը՝ թե՛ ընկերության ռեսուրսների արդյունավոր օգտավործման, թե՛ ցանկալի վերջնարդյունքին հասնելու տեսանկյունից։
Խորհրդատուն կոչված է․
- Նախագծել կոնկրետ ընկերությանը համապատասխան ռազմավարության գործընթաց,
- Տեղայնացնել անհրաժեշտ գործիքակազմը և աշխատանքների շրջանակը,
- Օգնել զարգացնել ռազմավարական մտածողություն որոշում կայացնողների շրջանում,
- Օգնել ընկերությանն անցնել գործընթացի միջով և ստանալ առավել ցանկալի արդյունք,
- Նպաստել, որպեսզի ընկերության ներսում ռազմավարությունն ընկալվի, որպես սեփական արդյունք և դառնա կենդանի գործընթացի մաս,
- Օգնել ընկերությանը հաջողությամբ պատրաստվել ռազմավարությամբ նախատեսվող փոփոխությունների ներդրմանը և կառավարմանը,
- Օգնել ընկերությանը իր ներսում զարգացնել ռազմավարական պլանավորման կարողություններ՝ այդպիսով նվազեցնելով կախվածությունն արտաքին խորհրդատուներից:
IMCA անդամ Maria Hovumyan-ի հարցազրույցը Ինվեստ ամսագիր – Invest Magazine-ին Ռազմավարական մտածելակերպի զարգացման վերաբերյալ:
